Ավելի անվտանգ ճանապարհներ Գյումրիում եւ հանրապետությունում. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Ավելի անվտանգ ճանապարհներ Գյումրիում եւ հանրապետությունում. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

«Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհներ և հետիոտնի անվտանգության աջակցություն Գյումրիում» ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում հոկտեմբերի 29-ին հրավիրվել էր շահագրգիռ կողմերի խորհրդակցություն, որը կազմակերպել էր «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը»՝ բրիտանական «Անվտանգ և կայուն տրանսպորտի Արևելյան դաշինքի» հետ համատեղ։

Խորհրդակցությանը ներկա էին Շիրակի մարզպետարանի, Ճանապարհային ոստիկանության, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի», Եվրոպական միության,  Առողջապահության համաշխարհային կազմակերպության,  Ասիական զարգացման բանկի, Երեւանի քաղաքապետարանի, շահագրգիռ նախարարությունների եւ պետական այլ կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գյումրիում իրականացվող նշյալ ծրագրի նպատակներից են իրազեկվածության բարձրացումը, իրավապահ մարմինների աշխատանքի բարելավումը, ճանապարհների վտանգավոր հատվածների հայտնաբերումն ու դրանց բարելավումը։

Ե՛վ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, եւ՛ ՃՈ պետ Եգոր Կարապետյանն իրենց ելույթներում մտահոգություն հայտնեցին Գյումրու ճանապարհներին դեռևս առկա ռիսկերի մասին, ինչպիսիք են՝ մասնակի  լուսավորությունն ու կահավորումը։ Մարզպետ Պետրոսյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ինչպես նոր կառուցված ճանապարհների, այնպես էլ վերանորոգման ենթակա ճանապարհների  լուսավորության և կահավորման հարցը լուծելու ուղղությամբ։

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը նմանատիպ հանդիպումների կազմակերպումը կարևոր համարեց:

«Այպսիսի հանդիպումները մեկ քայլ առաջ գնալու հնարավորություն են տալիս։ Շատ կարևոր է, որ շահագրգիռ կողմերը հաճախակի նման քննարկումներ ունենան»,- նշեց նա։

ՃԱԱԽ ղեկավար Պողոս Շահինյանն ընդգծեց, որ ճանապարհային անվտանգության խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ, ուստի պետք է համատեղել ջանքերը երթեւեկության մասնակիցների իրազեկության մակարդակի բարձրացման, ճանապարհների կահավորման բարելավման եւ ճանապարհային անվտանգության ապահովման նպատակով այլ բաղադրիչներով եւս առաջընթաց արձանագրելու նպատակով։

«Օրեցօր տարբեր խնդիրների պատճառով ավելանում է ճանապարհատրանսպորտային վթարների թիվը: Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ բոլոր շահագրգիռ կողմերը հավաքվել են մեկ վայրում՝ քննարկելու ոլորտի խնդիրները»,- ասաց նա։

Գյումրիում իրականացվել և առաջիկայում շարունակվելու են կրթական, ինժեներական խնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերը՝ փորձելով հնարավորինս համակարգային լուծումներ գտնել վթարների թիվը նվազեցնելու գործում։