ՃԱԱԽ-ը «Ճանապարհային անվտանգության հիմունքներն ու միջամտությունները» ենթատարածաշրջանային աշխատարանում

ՃԱԱԽ-ը «Ճանապարհային անվտանգության հիմունքներն ու միջամտությունները» ենթատարածաշրջանային աշխատարանում

2014թ-ի հոկտեմբերի 27-29-ը Թբիլիսիում տեղի ունեցավ «Ճանապարհային անվտանգության հիմունքներն ու միջամտությունները» ենթատարածաշրջանային աշխատարանը։

Ենթատարածաշրջանային աշխատարանը կազմակերպված էր Վրաստանի Կարմիր Խաչի Հասարակության, Համաշխարհային ճանապարհային անվտանգության գործընկերության (GRSP) և EASST կազմակերպության կողմից Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք (TRACECA) Ճանապարհային անվտանգություն 2 ծրագրի շրջանակներում։ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային միությունների ֆեդերացիան հանդիսանում էր հյուրընկալող կողմ։

Աշխատարանի նպատակն էր քննարկելու ճանապարհային պատահարների կանխարգելման համար կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ տրամադրելով ուղեցույց ճանապարհային անվտանգության տարբեր ոլորտներում ներգրավված մասնագետների համար։ Այս աշխատարանը նաև նպատակն ուներ նվազեցնելու ճանապարհային պատահարների քանակն ու վնասվածքները՝ ստեղծելով տարածաշրջանային և ազգային համագործակցություններ կառավարության, քաղաքացիական ահսարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև ամրապնդելով կարողությունները փորձնական համայնքահեն միջամտությունների նախագծման ու իրականացման միջոցով։

Աշխարատարանին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները Տրանսպորտի, Առողջապահության, Ճանապարհային ոստիկանության գերատեսչություններից և հկ-ների ներկայացուցիչները։

ՃԱԱԽ-ը ակտիվ մասնակցություն ունեցավ համաժողովին՝ ներկայացնելով իր ծրագրերը` ներառյալ կազմակերպության կողմից պատրաստված ամրագոտիների կիրառումը խրախուսող տեսահոլովակը, որը արժանացավ բարձր գնահատանքի։

Աշխատարանի արդյունքում կապեր հաստատվեցին մասնակից երկրների կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև փորձնական միտք առաջացավ բարելավելու տաքսիների անվտանգությունը Հայաստանում։

Մենք հավատում ենք, որ նման աշխատարանները ոչ միայն փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակության համար են, այլև կապերի հաստատման և պետությունների միջև հետագա համագործակցության համար հիմք են, որոնք ևս մեկ անգամ հաստատում են, որ ճանապարհային անվտանգությունը չի ճանաչում ազգություն։