«Խելացի խաչմերուկի» գործարկումը լավ արդյունք է տվել

«Խելացի խաչմերուկի» գործարկումը լավ արդյունք է տվել

Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհի դեպի օդանավակայան թեքվող խաչմերուկն արդեն մի քանի ամիս է, այսպես կոչված, «Խելացի խաչմերուկ» է։

Նոր համակարգի գործարկումը դրական արդյունք է տվել՝ բացառելով նախկին խցանումները։ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային երթեւեկության կազմակերպման բաժնի պետ Կոստանտին Կոստանյանն ասում է, որ սա խիստ ծանրաբեռնված խաչմերուկ էր, որը հաճախ էր անհարմարություններ պատճառում քաղաքացիներին եւ ՃՈ-ին։ Ուստի՝ որոշվեց լուծում գտնել։ Ու հաշվի առնելով, որ ՃՈ-ն արդեն ուներ բարձր տեխնոլոգիաներ կիրառելու եւ երթեւեկության կանաչ գոտիներ ստեղծելու փորձը Երեւան քաղաքի այլ հատվածներում՝ նույն ծրագրավորողների մասնակցությամբ մի աշխատանքային խումբ ստեղծվեց, որն էլ մշակեց այս համակարգը։ Այն գործում է ուլտրաձայնային սենսորների միջոցով ու ըստ տրանսպորտային միջոցների հոսքի՝ ավտոմատ կերպով հստակ կարգավորում երթեւեկությունը խաչմերուկում։

«Արդյունքները մեզ ուղղակի զարմացրին, խցանման մասին մոռացանք այն աստիճան, որ մի պահ նույնիսկ սկսեցինք կասկածել՝ գուցե մեքենաների հո՞սքն է փոխվել, սակայն հաշվարկները ցույց տվեցին, որ ո՛չ, հոսքը նույնն էր»,- ասում է Կոստանյանը։ Ամբողջությամբ հայ մասնագետների կողմից մշակված համակարգը նախադեպը չունի ո՛չ տարածաշրջանում, ո՛չ ԱՊՀ երկրներում։ Ըստ Կոստանյանի՝ Հոլանդիայում եւ կարծես նաեւ Չինաստանում նման համակարգեր կան, սակայն դրանք նույնական չեն, մեխանիզմն այլ է, կարգավորման սկզբունքները՝ եւս։ Դրական արդյունքը հաշվի առնելով՝ ՃՈ-ն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում նոր «Խելացի խաչմերուկներ» ստեղծելու նպատակով, ու Կոստանյանը խոստանում է, որ շատ շուտով ականատես կլինենք դրանց։